Գլխավոր » NKR, Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Բորելի չքմեղանքը․ «Ղարաբաղի հարցը չէի ասի լուծվեց, բայց վճռականորեն որոշվեց»

Դեկտեմբեր 6, 2023թ. 00:58

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, փոխանցում է 1lurer-ը:

«Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում:

Որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք, դաժան ուժային քաղաքականության վերադարձն է։ Ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի կիրառմամբ: Մի բան, որը պետք է արգելվեր։

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ես տեսնում եմ, որ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով:

Օրինակ՝ տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտություն, որը հանկարծակի, ես չէի ասի, որ լուծվեց, բայց վճռականորեն որոշվեց ռազմական միջամտությամբ, և որը 150 000 մարդու ստիպեց մեկ շաբաթվա ընթացքում տեղափոխվել:

Մեկ շաբաթում 150 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը և փախչել։ Միջազգային հանրությունը զղջաց, մտահոգություն հայտնեց, հումանիտար աջակցություն ուղարկեց, բայց ուժ կիրառվեց, և բռնությունը շարունակում է աճել ամբողջ աշխարհում»,- ասել է Ժոզեպ Բորելը (ընդգծումները՝ խմբ

Բորելը չի նշել, թե ով է ում դեմ ուժ կիրառել, եւ ովքեր են «ստիպված եղել լքել իրենց տները եւ փախչել»։ Բորելը փորձում է շինծու մտահոգությամբ փրկել ինքզինքը եւ Եվրամիության գործադիր կառույցները պատասխանատվությունից (ասելով, թե «հակամարտությունը չի լուծվել, թեեւ վճռականորեն որոշվել է»)։ Պատասխանատվությունն ուղիղ է եւ չի կարող կոծկվել նիկոլական իշխանության հայտարարություններին հղումներով։ Մասնավորապես, ԵՄ գործադիր կառույցները շրջանցել են երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի կարգավորման պահանջով Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը, համաձայնություն տալով ռուս-թուրքական գործարքին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում զբաղված է Բաքվի շահերի ու պահանջների բացահայտ լոբբինգով եւ լեգիտիմացմամբ՝ սկսած Բերձոր-Ակնա ճանապարհների «հավասարեցումից», ինչը կանաչ լույս վառեց Արցախի օկուպացիայի ու բնիկ մեծամասնության վտարման առաջ։

Միացյալ Եվրոպայի ոչ մի գործադիր կառույց հայերի սպանությունն ու արտաքսումն իր հազարամյա բնօրրանից չի որակել իբրեւ այսպես կոչված ազերբայդժանական պետության կողմից ցեղասպանություն։ Առավել եւս, Եվրամիությունը չի պատրաստվում պահանջել հետեւանքների վերացում, Բորելի բերանով ընդունելով տեղի ունեցածը որպես կատարված փաստ։

Թաքնվելով նիկոլական բանավոր բարբաջանքների ու «մարդասիրական» կարգախոսների հետեւում, Եվրամիությունը ոտնատակ է տվել իր իսկ արժեքային ու իրավական հիմքերը, որի հետեւանքները չեն ուշանալու։ Չեն մարսելու սերունդներով։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է։

Lragir.am


Դիտել NKR, Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն