«Հայաքվեի» վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվեց երկու մասով
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել «Հայաստան» խմբակցության ԱԺ հայտարարության նախագիծը՝ «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ լրամշակելու նպատակով, այսինքն՝ քվեարկության չդնել։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հեղինակի նախաձեռնությամբ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկու ամիս ժամկետով։ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ ամենամեծ դժբախտությունն այսօր այն է, որ այսօրվա ընդդիմությունն ավելի պետականամետ է, քան իշխանությունը։ «Դուք կարող է շատ լավ ընդդիմություն լինեիք, բայց շատ անպիտան իշխանություն եք, հավատացեք։ Եվ սա է մեր այսօրվա դժբախտությունների այսօրվա պատճառը։ Իշխանության ներկայացուցչի շուրթերով լսել արտահայտություն, որ բանակը խեղճ է եղել պատերազմից առաջ, սա մեր զինված ուժերի սարսափելի թերարժեւորում է։
Բանակը խեղճացրեք եք դուք ձեր իշխանության առաջին օրվանից, երբ Արցախի պաշտպանական շրջաններից մեծ մասի հրամանատարական կազմը փոխում էիք, որ ձեր քաղաքական հլու հնազանդ կամակատարները լինեին։ Բանակը խեղճացրել եք դուք, երբ փորձառու գեներալներին ուղղակի ազատում էիք պաշտոնից եւ քրեական գործեր էիք հարուցում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։