Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Մեր ուզածը բխում է Հայաստանի Անկախության Հռչակագրից, մեր պետության օրենքներից եւ շահերից. Էդգար Ղազարյան

Դեկտեմբեր 4, 2023թ. 22:59

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեարկության 3 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ Կմտնի՞ արդյոք օրենքի նախագիծը լիագումար նիստ, Aravot.am-ը փորձեց ճշտել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից։

«Ինքն ընդգրկվել է, օրակարգի երրորդ մասում է ընդգրկված եւ օրակարգի հաստատումից է կախված»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։ «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, երբ դեռ հանձնաժողովում  քննարկումը չէր ավարտվել, դիմելով հանրությանը ասաց․ «Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ  քաղաքացիները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ:  Այս իշխանությունը անդադար ասում է՝ քաղաքացի-քաղաքացի, Հայաստանի քաղաքացի, բայց քննարկումների ընթացքը ցույց է տալիս, որ իշխող խմբակցության պատգամավորները դեմ են արտահայտվելու, բացասական եզրակացություն են տալու։։ Բայց ես ինչ եմ ուզում ասել։ Ինչ եզրակացություն էլ լինի, նախագիծը լիագումար նիստերի օրակարգում պետք է ընդգրկվի։ ԱԺ քառօրյա նիստերն սկսվելու են վաղվանից։ Հիմա պետք է իմանալ, թե հարցը որ օրն է քննարկվելու։

Սիրելի հայրենակիցներ, 58 հազար քաղաքացիներ, որոնք ստորագրել են այս նախաձեռնությունը, մնացած 50 հազարը, որ ստորագրահավաքն արդեն փակվել էր եւ չեն կարողացել միանալ, 100 հազար այն քաղաքացիները, որ կողմ եք եղել, բայց չեք միացել՝ վախեցել եք։ Մի անգամ մենք էս զուլումից պիտի ազատվե՞նք, թե՞ չէ։ Բա էլ ո՞րն է այդ առիթը, եթե ոչ մեր այս քաղաքացիական նախաձեռնությունը։ Քաղաքացին մենք ենք, ստորագրությունը դրել ենք, օրենքի նախագծի հեղինակն ենք։ Պիտի գնանք, ստիպենք, որ սրանք մեր ուզածը անեն։ Մեր ուզածն էլ ոչ թե ամբիցիաներ է կամ մի ուրիշ բան, այլ բխում է Հայաստանի Անկախության Հռչակագրից, մեր պետության օրենքներից եւ շահերից»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Aravot.am


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն