Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ. Փոլ Գոբլ

Նոյեմբերի վերջին ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին և անդրադարձել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի նահանջի՝ Զանգեզուրն Ադրբեջանի մաս լինելու գաղափարից։
«Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ, այն դեռ երկար կմնա մեզ հետ։ Հաշվի առնելով այն փաստը, որ 100 հազար հայ մեկնել է Հայաստան կամ այլ երկրներ, իսկ ավելի վաղ մոտավորապես 700 հազար ադրբեջանցի ստիպված է եղել փախչել այնտեղից և ներկայումս ցանկանում է վերադառնալ։ Սա նպատակ է ապագայի համար։ Այստեղ խոսքը հակամարտության միայն մեկ փուլի ավարտի մասին է։ Այս բոլոր դժվարությունները մեզ հետ կմնան դեռ երկար ժամանակ։ Մարդիկ, ովքեր կորուստներ են կրել, նրանց հարազատները երկու կողմերից էլ չեն պատրաստվում հեշտությամբ համակերպվել։ Ես շատ անգամներ եմ ասել, որ Ղարաբաղյան հարցն ավելի մեծ խնդրի մի մասն էր, և դա Հարավային Կովկասում ժողովուրդների ու տարածքների բաշխման գործընթացն էր»,- ասել է Գոբլը՝ հավելելով, որ նմանատիպ խնդիրներից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։
«Եթե հիմա Հայաստանը չգնա լուրջ զիջումների, կդառնա ավելի մեկուսացված, և Սյունիքով ճանապարհի փոխարեն՝ Իրանի ճանապարհը լինի դեպի Նախիջևան, Հայաստանին կդնեն ավելի ոչ շահավետ իրավիճակի մեջ»,- ասել է հայտնի վերլուծաբանը։