Գլխավոր » Analitika, NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

103 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ

Դեկտեմբեր 2, 2023թ. 22:54

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»: Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ։ Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:               

Հռչակագրում Նարիմանովը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:  Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ, յայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը:»: Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում:                   Ահա «Խորհրդային Հայաստան» թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Նույն թվականի հունիսի 22-ին փաստաթուղթը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում: Ահա այն

Եվ այսպես, երկու ինքնիշխան պետություններ՝ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված: Վեճը լուծելու նպատակով տվյալ երկրների իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում վեճի առարկայի վերաբերյալ ընդունել են իրավական ակտեր, որոնք հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Արդյունքում կարգավորվել է 1918թ. սեպտեմբերին ծագած ադրբեջանաարցախյան հակամարտությունը: Այսպիսով, 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչել է որպես Հայաստանի մաս:    

                                                                             
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ


Դիտել Analitika, NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն