Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է, առանց կտրուկ փոփոխությունների` ԼՂ հայերը կոչնչացվեն. Washington Post-ի անդրադարձը Օքամփոյի հոդվածին

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Եյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյը հանդես է եկել Արցախին վերաբերող հոդվածով, որում զգուշացնում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ անում այս հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։
Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է Լուիս Մորենո Օքամփոյի հոդվածին. .«Լուրջ հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»,- WP-ի հոդվածագիրը մեջբերել է Օքամփոյի հետևյալ խոսքերը, որ ՄԱԿ-ի Կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշել է այդ թվում նաև որպես «խմբի կյանքի համար միտումնավոր այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնում են նրանց ֆիզիկական ոչնչացման»։
«Դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ չկան։ Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Առանց հրատապ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը առաջիկա շաբաթներին կոչնչացի»,– ասվում է մեկ այլ մեջբերման մեջ։
Հոդվածում Washington Post-ը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանությունը Օքամփոյի հոդվածին, որոնք այն անվանել էին «չհիմնավորված պնդումներ և մեղադրանքներ» պարունակող։
Հոդվածագիրը նշել է նաև Կոռնիձորում ավելի քան 2 շաբաթ կայանված 360 տոննա հումանիտար օգնությանը, որն Ադրբեջանը թույլ չի տալիս անցկացնել Լաչինի միջանցքով։
Ամերիկյան Washington Post պարբերականի հոդվածը կարդացեք այստեղ` https://www.washingtonpost.com/world/2023/08/09/armenia-azerbaijan-nagorno-karabakh-blockade/366b4f1e-36ca-11ee-ac4e-e707870e43db_story.html
