Պտիցինը չի կարող որոշել, թե որ դատարանն է քննելու Պերմյակովի գործը. փաստաբան
Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են նաև Վալերի Պերմյակովի գործին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Պերմյակովը հիմա գտնվում է Գյումրիում՝ ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանի պնդմամբ, Պտիցինը չի կարող որոշել, թե որ դատարանն է քննելու Պերմյակովի գործը, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է։
«Կարող ենք ենթադրել, որ սա ինչ-որ աստիճանի մակարդակներում մեսիջներ է ուղարկված մեզ՝ որ, ի վերջո, մենք ենք քննելու։ Բայց այս պահին, համենայն դեպս, նշեմ, որ այդ պաշտոնատար անձն իրավասու չէ որոշել։ Իր իրավասությունը գործի շրջանակներում ծագում է այն փուլում, երբ որ գործը նախաքննական մարմինն ուղարկում է դատարան», – ասաց Սարգսյանը։