Սումգայիթի ջարդերը Մեծ Եղեռնի ուղղակի շարունակություն և հետևանք

1988-ի փետրվարը արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: Քսանմեկ տարի առաջ` այս օրը, նոր ուրվագծվող ղարաբաղյան շարժումը ճնշելու նպատակով Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, պետական հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ կազմակերպվեցին և իրագործվեցին հայ բնակչության ջարդեր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ազգությամբ հայեր են: Ադրբեջանցու ձեռքով կատարված ոճիրն այլ բան չէ, քան Ցեղասպանություն և լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած Ցեղասպանության մասին Կոնվենցիայի դրույթներին:
Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
Մեկ օրում փախստական դարձան ավելի քան 3000 հայեր. Սումգայիթում կորցնելով իրենց ունեցվածքը, հրաշքով փրկվածները մի կերպ կարողացան ապաստան գտնել Արցախում ու Հայաստանում:
Ազգերի բարեկամության ջատագով Խորհրդային իշխանությունը թույլ չտվեց պաշտոնապես հրապարակել տեղի ունեցած ոճրի իրական թվային պատկերը, որ հանկարծ չխաթարվի ազգերի «բարեկամությունը»: Մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներն արձանագրում են, որ այդ օրերին սպանվել են հարյուրավոր հայեր, թալանվել ու խոշտանգվել հազարավորները. և իսկապես, բարբարոս թյուրքի արյան ծարավը դժվար թե հագենար ընդամենը 27 զոհերի արյամբ…
Տեղի ունեցածը, եթե Սումգայիթի հայ բնակչության համար անակնկալ էր, ապա ամբողջությամբ մշակված ծրագիր էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ջարդերի նախապես կազմակերպված լինելը հաստատում է թեկուզ այն փաստը, որ կատարվող ոճիրի ականատես ադրբեջանցի իրավապահները ոչ միայն չեն կանխել, այլ հակառակը խրախուսել են. ոստիկանական ուժերն ու հատուկ ջոկատայինները քաշվել են Կենտկոմի շենքը` հայ բնակչությանը թողնելով գազազած, զինված ոհմակի առաջ անպաշտպան:
Միայն 3 օր հետո հանցավոր ուշացումով քաղաք են մտնում խորհրդային «ինտերնացիոնալիստ» բանակը. ջարդերն ու թալանը դադարեցվում են:
Եվ ահա, Բաքվի իշխանությունների կողմից տարածվում է հետևյալ պաշտոնական հայտարարությունը, համաձայն որի դեպքերի գլխավոր հեղինակներ հայտարարվեցին «խուլիգանները», նախկին ոճրագործները, որոնք, իբրև թե, բանտից արձակվել ու Սումգայիթ էին ուղարկվել հանքերում աշխատելու համար: Մինչդեռ իրականում նրանք հայերին կոտորելու հատուկ առաջադանքով էին բանտերից ազատ արձակվել:
Բաքվի իշխանությունները դեպքերի պատասխանատվությունն իրենց ուսերից գցելու համար կազմեցին ` Սումգայիթի դեպքերը քննելու և մեղավորներին պատժելու հատուկ հանձնախումբ: Այն ղեկավարում էր վարչապետ Հասան Սեյիդովը: Որպես քննության արդունք 12 ոստիկաններ ազատվեցին աշխատանքից` առանց պատասխանատվության ենթարկվելու: Իսկ ավելի ուշ, Մոսկվայի որոշմամբ, պաշտոնանկ արվեցին մի քանի բարձրաստիճան չինովնիկներ:
Կենտրոնը Սումգայիթ ուղարկեց քննիչների մի խումբ, որոնք քննեցին 700 մարդկանց, որոնցից 430-ը դատապարտվեցին 1-2 շաբաթյա բանտարկության, իսկ գլխավոր 94 ամբաստանյալներից 13-ը Սումգայիթում և Մոսկվայում հաջորդաբար ենթարկվեցին դատավարության: Այսքանով գործը համարեցին փակված:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չդատապարտեցին, ափսոսանք չհայտնեցին Սումգայիթի ջարդերի և էթնիկական զտումների համար: Իրականում, Ադրբեջանի իշխանությունները ուղղակիորեն եւ անուղղակիորեն քաջալերում էին կոտորածներըՙ բռնությունների եւ անպատժելիության համար բարերար հող ստեղծելով: Որարշ ժամանակ անց Իլյաս Իզմայլովի, ով Սումգայիթի ջարդերի օրերին զբաղեցնում էր Ադրբեջանի գլխավոր դատախազի պաշտոնը, հպարտորան հայտարարեց, թե «Սումգայիթի ջարդերի իրագործողներն այժմ պատգամավորական մանդատներ ունեն եւ խորհրդարանում տեղ են զբաղեցնում»:
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկումը և միջազգային հանրության ներողամտությունն ու անտարբերությունը նպաստեցին, որ ոճրագործներն ու նրանց ուղղորդողները խուսափեն արժանի պատժից, հետևանքը Սումգայիթին հաջորդած հայերի նոր կոտարծներն էին` Բաքու, Մարաղա…
Տարոն Սիմոնյան
ArmarLur.com