Թուրք-ամերիկյան հարաբերություններն ու հայկական հարցը

Թուրքական Hurriet Daily News պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների զարգացման հեռանկարին:
Հոդվածագիր Մուրատ Յեթքինը նշում է, որ «թուրք-ամերիկյան հարաբերությունները նախքան այս, Հայկական հարցի հետ կապված շատ խոչընդոտներ են հաղթահարել»: Հեղինակը վերհիշում է 2 պետությունների միջև, թերևս, ամենալարված պահը` 2007թ., երբ Անկարան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին` Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևը քննարկման դնելու պատճառով:
Յեթքինը մանրամասնում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները հարթվեցին, երբ պաշտոնական Անկարան սպառնաց ԱՄՆ-ի օդուժի համար փակել «Ինջիրլիք» ավիաբազան, ինչը դրդեց նախագահ Ջորջ Բուշ կրտսերին ընթացք չտալ նշված բանաձևի քննարկմանը:
«Բայց այս տարվա ապրիլի 24-ը կարող է խիստ տարբերվել նախկին տարիներից, քանի որ 2015թ. լրանում է հայերի համար խորհրդանշական ու զգացմունքային արժեք ունեցող դեպքերի 100-րդ տարելիցը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հրավիրել է ապրիլի 24-ին Երևանում ներկա գտնվելու հիշատակի հատուկ արարողությանը, կարող է դրական պատասխաններ ստանալ: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ուղարկված հրավերները, որոնք վերաբերում են նույն օրը Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակը հարգելու արարողությանը մասնակցելուն, այդքան էլ մեծ ոգևորությամբ չեն ընդունվել»,- գրում է թուրք հոդվածագիրը:
Նա նաև նկատում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արշավում հայկական կողմի գլխավոր թիրախն ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սպիտակ տունն են:
«Ուստի Երևանը հատուկ նպատակով Վաշինգտոնում դեսպան է նշանակել միջազգային ճանաչում ունեցող քաղաքական գործչի` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ԱՄՆ-ի մայրաքաղաք ժամանելուց հետո կարողացել է 2015թ. ընդառաջ միավորել հայկական լոբբիի բոլոր խմբերը` մի կողմ թողնելով դրանց ներքին անհամաձայնությունները»,- շարունակում է Յեթքինը` նկատելով, որ «նույնը չի կարելի ասել թուրքական կողմի համար»:
Այնուհետև հեղինակը նշում է, որ «Կոնգրեսում Հայկական հարցին նպաստող որևէ քայլի տասնամյակներ շարունակ խոչընդոտում էր հրեական լոբբին, որը, ցավոք, այլևս նման պատրաստակամություն չունի, ինչը պայմանավորված է Իսրայելի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությամբ»:
Նա կանխատեսում է, որ այս տարի թուրքական կողմը չի ստանա նաև հունական և մի շարք արաբական երկրների լոբբիների աջակցությունը:
«Թվում է, թե Անկարան շանս չունի Վաշինգտոնի դեմ ռազմավարական խաղաթուղթ ներկայացնելու, որպեսզի կարողանա համոզել նախագահ Բարաք Օբամային նրանում, որ այս անգամ Սպիտակ տան համար մեծ օգուտ կլինի դա»,-եզրափակում է հեղինակը: