Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերի տակ սիրով կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն

Փետրվար 12, 2015թ. 01:23

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն է, իսկ այդ բացառիկ միասնությունն արտացոլված է հռչակագրում, որին ոչ մի հայ՝ կուսակցական, թե անկուսակցական՝ չհակադրվեց: Ու չնայած դրան գտնվեց ջուր պղտորողը. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հռչակագրին դեմ իր հոդվածով, վերստին հաստատեց, որ կա ու մնում է պարտվողական գաղափարների կրող, հայության միասնականությանը քամահրանքով վերաբերվող քաղաքական գործիչ:

Խնդրի շուրջ ներկայացնում ենք հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ

-Տեր-Պետրոսյանը չդիմացավ ու պոռթկաց, ի ցույց դնելով իր անհանգստությունը, թե ինչպե՞ս կարող է մի հանձնաժողովի հաջողել հանդես գալ այնպիսի հռչակագրով, որի շուրջ հանկարծ համահայկական համախմբում կկայանա: Ու այդ զայրույթից հարձակման անցավ նախ հանձնաժողովի վրա, թե վերջինս ի՞նչ իրավունք ունի արտահայտելու հայ ժողովրդի միասնական կամքը: Ինչ է հուշում Տեր-Պետրոսյանի այս անկեղծ պոռթկումը:

-Սա Տեր-Պետրոսյանի մտածողության անկեղծ արտահայտությունն է: Նա երբեք էլ չի հավատացել համահայկականությանը, եթե նույնիսկ երբեմն համահայկական անվանումը կրող նախաձեռնություններով է հանդես եկել, խոսքս Հայաստան հիմնադրամի մասին է: Գրում է, թե հանձնաժողովը չի կարող համայն հայության անունից հանդես գալ և նշում, թե դրա միակ միջոցը համահայկական հանրաքվեն է: Սակայն հաջորդ իսկ նախադասությամբ էլ վրա է բերում՝ <դրա կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է>: Դժվար է ասել, թե որո՞նք են իր համար <հասկանալի պատճառները>, սակայն մի բան փաստ է՝ հռչակագրի բովանդակության հետ համաձայն չլինելով, նա փաստորեն հակադրվում է այն գաղափարներին, մտքերին ինչին համակարծիք է հայությունը: Տեր-Պետրոսյանը փորձում է վարկաբեկել հանձնաժողովը, նրա կատարած աշխատանքն ու դրա ծնունդ համարվող հռչակագիրը: Իսկ այն, որ հանձնաժողովը արտահայտիչն է հայության միասնական համոզումների, դրա մասին է վկայում այն փաստը, որ հանձնաժողովում ներկայացված են հայության ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Բացի այդ, հռչակագրի նախագիծն անցել է երկար ճանապարհ. նախ այն ներկայացվեց հանձնաժողովի չորրորդ նիստին, որը գումարվեց 2014-ի մայիսի 27-ին: Այդ նիստին մասնակցում էին ոչ միայն հանձնաժողովի անդամներ, որն ինքնին արդեն իսկ ներկայացուցչական է, այլև սփյուռքյան բոլոր համայնքներից ժամանած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչներ: Նրանց տրվեց հռչակագրի նախագիծը ու ակնկալվեց իրենց ներդրումն ունենալ հռչակագրի վերջնական կազմման գործում: Բազմաթիվ կարծիքներ, առաջարկներ ստացանք, և ի վերջո, այդ ամենի համադրության արդյունքում ձևավորվեց այն փաստաթուղթը, որը պաշտոնապես ընդունվեց 2015-ի հունվարի 29-ին պետական հանձնաժողովի 5-րդ նիստում:

Եվ ահա, այս ամենը անտեսելով, Տեր-Պետրոսյանն ասում է՝ մենք չեն կարող երբևիցէ համայն հայության անունից խոսել: Նման կարծիք հայտնելու բացատրությունն այն է, որ ըստ Տեր-Պետրոսյանի՝ համայն հայություն չկա, նա մշտապես եղել է Հայաստանը սփյուռքից բաժանելու կողմնակից գործիչ: Հաճախ փորձել է իրեն արդարացնել, թե դրանք իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքներ են, բայց փաստն այն է, որ դա իրողություն է, որը հերթական անգամ դրսևովեց նրա վերջին հոդվածում:

Հայաստանը սփյուռքից տարանջատելը հանդիսանում է թուրքական քաղաքականության կարևոր բաղադրիչը. Թուրքիան ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում իր նպատակին հասնելու համար: Փաստորեն, Տեր-Պետրոսյանն առանց վարանելու բացահայտորեն հանդես է գալիս թուրքական գծի պաշտպան մարտիկի դիրքերից:

-Այդպես է ստացվում. Նշեցիք Տեր-Պետրոսյանի թուրքական մոտեցման մասին ու ես հիշեցի նրա 2007-ի հոդվածներից մեկը՝ <Վերադարձ> անվամբ, որի մասին նա հիշատակում է իր վերջին հոդվածում ևս: Իսկ <Վերադարձ>-ում նա գրում է՝<Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով, կամ անկյուն սեղմելով ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը>: Եվ ես հիմա հայտնում եմ իմ համոզմունքը, որ այս խոսքերի տակ Լևոն Տեր-Պետրոսյան անվան կողքին, շատ սիրով կստորագրեն թե Էրդողանը, թե Դավութօղլուն:

Տեր-Պետրոսյանի թուրքամետ դիտարկումները սակայն այսքանով չեն ավարտվում: Վերջինս արտառոց ու անլուրջ է համարում Հայաստանի կոչը ուղղված Թուրքիային՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը: Եվ ահա ՀՀՇ-ՀԱԿ լիդերը հայտարարում է՝ Հայաստանը նման կոչով հանդես գալու իրավունք չունի, ավելին՝ սարսափած է՝ <Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր>, <դա ամենևին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը>:

-Սա ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը 25 տարվա հեռավորությունից տակավին չի ուզում ընդունել, որ իր նախագահության տարիներին Թուրքիայի նկատմամբ իրականացված քաղաքականությունն անարդյունավետ է եղել, և այսօր կրկին պնդում է նույնը, որ Հայաստանը պետք է ամբողջովին զինաթափ լինի Թուրքիայի առաջ ու գլուխ ծռի: Տեր-Պետրոսյանը այս քաղաքականությունն իրականացրեց և, կրկնում եմ, որևէ արդյունքի չհասավ: Չնայած ձախողմանը դարձյալ շարունակում է իր սխալը ճանապարհը:

-Առաջին անգամ այս հռչակագրով պետականորեն կարևվորվեց Սևրի հաշտության պայմանագրի և Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ մեծամիտ քամահրանքով այդ ամենը անվանում է <Հայ Դատի ռեպերտուար>, ու իր համար <ամենամտահոգիչ խնդիր> համարում հռչակագրում տեղ գտած «պատմական արդարություն» հասկացությունը:

-Ինչը, Տեր- Պետրոսյանի մտածողությամբ վերացական հասկացողություն է: Ես պետք է նրան հիշեցնեմ 1990 թ օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագիրը որում ևս կա պատմական արդարության վերականգման մասին հանձնառություն, և՛ս խոսվում է հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման մասին: Եվ այդ հռչակագրի տակ դրված է Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը: Եվ եթե այսօր նա մեղադրում է հանձնաժողովին հայության անունից հանդես գալու համար, կնշանակի ժամանակին Գերագույն Խորհրդն էլ է՞ գերազանցել իր իրավասությունները՝ խոսելով հայության անունից: Իմ տպավորությամբ, Տեր- Պետրոսյանը մոռացել է այս փաստաթղթի գոյության ու նրանում ամրագրված դրույթների մասին:

-ՀԱԿ առաջնորդին խիստ մտահոգել է հայության համար ամենակարևոր՝ պահանջատիրության հարցը «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով» Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դնելը: Իսկ թուրքամետ գործիչի մտավախության պատճառն այն է, որ դա <չափազանց կբարդացնի, կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը>:

– Ես դրան շատ կարճ կպատասխանեմ՝ ի՞նչպես կարող է սառել մի բան, որը չկա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց գոյություն չունի, ուրեմն ինչպե՞ս այն կարող է բարդանալ, կամ սառեցվել՝ ես դե չեմ հասկանում:

-Փաստորեն, իր հերթական հոդվածով Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ նույն զիջողական, թուրքամետ քաղաքականության կրող գործիչն է, ինչպիսին եղել է Ղարաբաղյան պայքարի տարիներին, ինչի դեմ ժամանակին իր վրդովմունքն է արտահայտել սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ Լևոն Տեր- Պետրոսյանին ուղղված իր հայտնի նամակում:

-Համակարծիք եմ: Եթե Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ պատճառներով հարկադրված էր նման հոդվածով հանդես գալ, եթե անգամ հռչակագիրն իր տեսակետներին չի համապատասխանում, ապա գոնե որպես առաջին նախագահ նա իրավունք չուներ այդ կարևոր փաստաթուղթը անպտուղ համարել: Այս փաստաթուղթը ողջունել են բոլոր քաղաքական ուժերը, բացի Տեր-Պետրոսյանից ու հին-նոր ՀՀՇ-ականներից:

Բայց այդ ամենով հանդերձ Տեր-Պետրոսյանն անզոր է նսեմացնել հռչակագրի կարևորությունը, և չի կարող խաթարել հռչակագրի շուրջ ստեղծված միասնականությունը: Իսկ նրա արտահայտած մտքերը ընդամենը եկան հաստատելու մեր միասնականությանն ուղղված ներքին սպառնալիքների մասին, ու դա մենք պետք է հաշվի առնենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն